ՀՀ վարչապետը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են ապրանքաշրջանառության աճը
ECONOMICSՎարչապետ Հովիկ Աբրահամյանը մարտի 25-ին ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից և նշել, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության հետագա զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ առկա է հայ-վրացական քաղաքական և տնտեսական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ, և անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Իր հերթին Միխեիլ Ջանելիձեն ընդգծել է, որ Վրաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, և այցը լավ հնարավորություն է քաղաքական ու տնտեսական գործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերը քննարկելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխեիլ Ջանելիձեն վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցությանը՝ Հայաստանի վարչապետը և Վրաստանի արտգործնախարարն ընդգծել են, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրեր նախաձեռնելու համար: Խոսելով տնտեսական կապերի ընդլայնման մասին՝ վարչապետը նշել է, որ թեև 2015 թ. երկու երկրների միջև արձանագրվել է ապրանքաշրջանառության ծավալի աճ, այնուամենայնի վ, պետք է շարունակել աշխատանքներն ավելի մեծ առաջընթաց արձանագրելու համար: Միխեիլ Ջանելիձեն ևս կարևորել է առկա ներուժի լիարժեք իրացումը և վերահաստատել Վրաստանի՝ տնտեսական գործակցության խորացմանն ուղղված նոր համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամությունը: Այս համատեքստում կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանը և Միխեիլ Ջանելիձեն գոհունակություն են հայտնել տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում փոխգ ործակցության կապակցությամբ, ինչպես նաև կարևորել Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում հայ-վրացական «Բարեկամության» կամուրջի կառուցումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական գործակցության զարգացման և համատեղ նոր ծրագրերի հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հարցերի շուրջ: