Իտալիայում ձերբակալվել է Բելգիայի ահաբեկչություններին ներգրավվածության մեջ կասկածվող անձ
INTERNATIONAL NEWSԻտալիայում ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները շաբաթ օրը երկրի հարավում՝ Սալերնո շրջանում, ձերբակալել են ալժիրցու, ով Բելգիայի քննչական մարմինների կողմից կասկածվում է Բրյուսելում պայթյուններ կազմակերպած ահաբեկիչներին հանցակցության մեջ, հաղորդում է իտալական La Stampa թերթը:
Ջամալ Էդին Ուալին ձերբակալվել է բելգիական իշխանությունների կողմից տրամադրված եվրոպական օրդերով: Նա մեղադրվում է կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ, որոնք օգտագործել են հանցագործները Բրյուսելում և ավելի վաղ՝ Փարիզում ահաբեկչություններ նախապատրաստելու և իրականացնելու ընթացքում:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է ավելի քան 30 մարդ, ևս 250-ը ստացել է վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:



