Ֆրանսիացի նախարար. Միգրանտների թաղամասերում հարկավոր է ակտիվ գործողությունների անցնել
INTERNATIONAL NEWSՄիգրանտների թաղամասերում հարկավոր է ակտիվ գործողությունների անցնել: Այս մասին Europe1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի քաղաքաշինության, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Պատրիկ Կանները: Նրա խոսքով, Ֆրանսիայում շուրջ հարյուր թաղամաս կա, որտեղ կարող է տեղի ունենալ այն, ինչ կատարվեց Բրյուսելի Մոլենբեկ շրջանում:
«Մոլենբեկն աղքատության եւ գործազրկության հսկայական կուտակում է: Ըստ էության, մաֆիոզ համակարգ՝ ընդհատակյա տնտեսությամբ: Դա համակարգ է, որտեղ պետական ծառայությունները չեն գործում, իսկ պատգամավորները հանձնվել են»,- հայտարարել է Կանները:
Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երկուշաբթի՝ դեռեւս ահաբեկչություններից առաջ, հայտարարել էր, որ չարիքը շատ խորն է, եւ ամբողջ հանրության ու յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է պայքարել դրա դեմ:
«Ֆրանսիայում շուրջ հարյուր թաղամաս կա, որոնք պոտենցիալ նմանություն ունեն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Մոլենբեկում: Իհարկե, հսկայական տարբերություն կա, եւ ես չեմ ցանկանում դասեր տալ բելգիական իշխանություններին: Բայց մենք պետք է ակտիվ գործողությունների անցնենք»,- հայտարարել է նա:



