Թուրքիայի հիմնադրամների վարչության ղեկավարը պարզաբանել է Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման հարցը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հիմնադրամների վարչության ղեկավար Ադնան Էրթեմը հայտնել է, որ Սուր գավառում մեծ թվով շենքերի ու տարածքների անհապաղ պետականացումը նպատակ ունի «պահպանել պատմական կառույցները»: Այս մասին Էրթեմը հայտնել է «Ակոս» պարբերականի հետ զրույցում:
«Անհապաղ պետականացման մասին որոշումը պատմական և քաղաքացիական կառույցներին չի վերաբերում: Ընդհակառակը, այս որոշումը կայացվել է պատմական կառույցների տեսանելիությունն ապահովելու և շրջակայքում գտնվող աղավաղված կառույցները վերացնելու նպատակով»,- ասել է Էրթեմը` նշելով, թե որոշումը կայացվել է պատմական կառույցների շուրջ գտնվող աղավաղված շինությունները վերացնելու համար: «Մենք այս որոշումը կայացրել ենք շինությունների պահպանման համար` լինի եկեղեցի, թե մզկիթ: Թող բոլորը հանգիստ լինեն։ Մեր բարի մտադրությունն է պահպանել պատմական կա ռույցները»,- հայտնել է Թուրքիայի հիմնադրամների վարչության ղեկավարը:
Դիարբեքիրի Սուր գավառում թուրքական ռազմական ուժերի կողմից իրականացվող գործողություններին զուգահեռ Թուրքիայի Նախարարների խորհուրդը Սուրի տարբեր թաղամասերում բազմաթիվ շենքերի ու տարածքների անհապաղ պետականացման մասին որոշում է կայացրել: Օտարման ենթարկված կառույցների թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Խորհրդի նույն որոշմամբ օտարման են ենթարկվում նաև Դիարբեքիրի ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները:



