Ժամանակակից պրոֆեսիոնալ ֆուտբոլի հիմքը մանկապատանեկան ֆուտբոլն է. Վարդան Մինասյան
SPORTՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է «ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» Երեխաների չորրորդ միջազգային ծրագրի կոնֆերանսը, որին ներկա են եղել կազմկոմիտեի անդամ Ամինա Կոնուրբաևան, Հայաստանում ծրագրի իրականացման պատասխանատու, ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկի» գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը, Միլ ան մեկնող թիմի ֆուտբոլիստ Ռուբեն Մարտիրոսյանը: Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ լրատվական ծառայությունից: «ՖՈՒՏԲՈԼԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ծրագիրը ստեղծվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր Գազպրոմ ընկերության կողմից և 2016 թվականին ներգրավել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի 32 երկրներ:
Վարդան Մինասյանը նշել է, որ ժամանակակից պրոֆեսիոնալ ֆուտբոլի հիմքը կազմում է մանկապատանեկան ֆուտբոլը: «Սա շատ գովելի նախաձեռնություն է և շատ կարևոր հատկապես այն երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան շփվել այլ երկրների երեխաների հետ և առնչվել եվրոպական ֆուտբոլին»,- ասել է նա:
Ծրագրի նպատակն է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհով մեկ երեխաների մեջ հանդուրժողականության և ընկերության սերմանումը: