Ծովինարում ձյան հաստ շերտը վնասել է մոտ 13 հազար պտղատու ծառերի տնկիներ
ECONOMICSԳեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այս տարվա տունկի համար աճեցվել է ավելի քան 40 հազար տնկի, որոնցից մոտ 13 հազարը վնասվել են առատ ձնից գոյացած հաստ շերտից:
Ինչպես տեղեկացրեց Ծովինար գյուղի բնակիչ,վաստակաշատ անտառաբույծ եւ պտղատու ծառերի տնկիներիարտադրությամբ զբաղվող Խաչիկ Տեր-Հովսեփյանը, տնկիներին պատճառված վնասների մասին ստույգ տվյալները գյուղի մի քանի տնկարանային տնտեսություններում ճշգրտվել են օրեր առաջ, երբ ամբողջությամբ տնկիներն ազատվել են ձյան շերտից: «Ձյան հաստ շերտի ծանրությունից բների շրջանում ջարդվել են ծիրանի, դեղձի, ընկույզի, սալորի, տանձի, խնձորի, կեռասի տնկիները՝ մոտ 12-13 հազարի չափով: Մեր տնտեսությանը հասցված վնասը կազմում է մոտ 5 հազար տնկի: Այսուհանդերձ, գյուղի տնտեսություններն արդեն վաճառքի են հանել մինչեւ 27-28 հազար տարբեր տեսակի տնկիներ, որոնք կլիմայավարժեցված են տեղի պայմաններին եւ ցույց են տվել իրենց կենսունակությունը: Մեր գյուղում աճեցված տնկիները հիմնականում սպառվում են Գեղարքունիքի մարզում: Պատվերներ ունենք նաեւ Հայաստանի այլ մարզերից: Մարտի երկրորդ կեսից սկսված ու դեռ չնահանջող ցրտերը դանդաղեցնում են ծառատունկի աշխատանքները, բայց մենք կոչ ենք անում այգեգործներին՝ չհապաղել ու ապրիլի առաջին տասնօրյակում կատարել ծառատունկը, քանի որ ցրտերը չեն կարող տնկիներին վնաս պատճառել այս օրերին»,-նշեց Խաչիկ Տեր-Հովսեփյանը:
Վաստակաշատ անտառաբույծի կարծիքով՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Մարտունու, Սեւանի եւ Գավառի տարածաշրջաններում գրանցված ցրտերից պտղատու այգիները չեն տուժել, քանի որ ծառերը դեռեւս չէին հասցրել բողբոջել:
Խոսրով Խլղաթյան