Հայ ձյուդոյիստները Թուրքիա են մեկնել օլիմպիական վարկանիշի հետեւից
SPORTԹուրքիայի Սամսուն քաղաքում ապրիլի 1-ին կմեկնարկի Օլիմպիական վարկանիշ ապահովող Գրան-պրի մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի ձյուդոյի հավաքականը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ Հայաստանի հավաքականի կազմում Թուրքիա են մեկնել Ֆերդինանտ Կարապետյանը 66 կգ, Արսեն Ղազարյանը 73 կգ, Անդրանիկ Չափարյանը 81 կգ եւ Ժաննա Ստանկեւիչը 52 կգ: Վերջիններս կփորձեն օլիմպիական վարկանիշ նվաճել ապրիլի 1-3-ը կայանալիք մրցաշարի ընթացքում:
«Թե՛ Ֆենդինանտ Կարապետյանը, թե՛ Ժաննա Ստանկեւիչը բավականին լավ հնարավորություններ ունեն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու առումով: Վերջիններիս մարզիչները հավատացած են, որ մարզիկներին կհաջողվի այս անգամ առնվազն երկու օլիմպիական ուղեգիր ունենալ: Դրանցից մեկն իսկ արդեն ապահովել է Հովհաննես Դավթյանը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից` հավելելով, որ ապրիլի 2-ին Ռուսաստանի Տվեր քաղաքում մեկնարկում է նաեւ պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին բոլոր քաշային կարգերով Հայաստանը ներկայացնո ղ մարզիկներ կան: Վերջիններիս ընդհանուր թիվը 15-ն է:
Պատանի ձյուդոիստները Եվրոպայի գավաթի խաղարկությունից հետո (մրցաշարը կկայանա ապրիլի 2-3-ը) նաեւ եռօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն: