Հնդկաստանը կփորձի անել ամեն ինչ հնդկական շուկայում հայկական ապրանքների ավելացման համար
ECONOMICSՀայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում առաջին անգամ հյուրընկալված Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար (փոխնախարար) Սուջատա Մեհտան համոզված է, որ տնտեսական, գիտական, քաղաքական ոլորտներում հնարավոր է համագործակցության զարգացում ապահովել: «Մենք հետաքրքրված ենք, օրինակ, սեյսմիկ ու տիեզերքի ոլորտներով, շատ գործնական ճյուղեր են մեզ համար, ուր կարող ենք համատեղ գործել»,-ասաց Սուջատա Մեհտան:
Նա համաձայնեց, որ երկկողմ առևտրաշրջանառությունը բավարար չէ և, պետք է երկրների միջև առևտուրն աշխուժացնել: «Մենք կփորձենք անել ամեն ինչ Հայաստանից ներմուծման վիճակը բարելավելու համար: Հեշտ փոխկապակցման ուղիները կբարելավվեն ու կընդլայնեն արտաքին առևտրի ծավալը»,-նշեց Հնդկաստանի ԱԳ փոխանարարը:
Հյուրը նկատեց, որ Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությունն ու ԵՄ GSP+ արտահանման արտոնյալ ռեժիմից օգտվելը գործոն կարող են լինել հնդկական ընկերությունների համար Հայաստանում ներդրումներ կատարելու առումով: «Կարծում եմ` երկկողմ ներդրումների խթանման համաձայնագիրը, որ ստորագրել ենք Հայաստանի հետ նախկինում, այս տարի թարմացման կարիք կունենա, քանի որ օգոստոսին ավարտվում է համաձայնագրի ժամկետը: Մենք այս պահին նոր երկկողմ ներդրումային համաձայնագրի նախագիծ ունենք, որը մեր քննարկումների հիմքը կդառնա: Շուտով այս համաձայանգիրը ձեզ կփոխանցվի, կխնդ րենք հինը փոխարինել սրանով»,-հավելեց Սուջատա Մեհտան:
Նա նաև շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ սիրով կրկին կայցելի Հայաստան: «Այն ջերմությունը, որ ստացել եմ, ինձ մոտ համոզմունք է առաջացնում նորից վերադառնալու: Կարծում եմ` մեր հարաբերությունների անցյալի բնույթը միացնում է մեզ: Այն, որ այդքան արագ ձևավոևրրեցինք երկկողմ հարաբերություններ, բացի այդ` մենք ունեցել ենք մենաշնորհը հյուրընկալելու անկախ Հայաստանի առաջին նախագահին, հավաստում են այն մասին, որ ի սկզբանե կարող ենք անել ավելին ու պետք է անենք»,-շեշտեց Հնդկաստանի ԱԳ փոխնախարարը: