Էրդողանին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով են դիմավորել
INTERNATIONAL NEWSՄիջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորել են ցույցերով: Ինչպես տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ցույցին միացել են տեղի հայերը, քրդերը, հույները, կիպրացիները, եզդիներ ը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարաբնույթ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ցույցի պատճառով շուրջ մեկ ժամ փակվել էր Վաշինգտոնի կենտրոնական փողոցներից մեկը` Մասաչուսեթս պողոտան, ուր Էրդողանն այցելում էր Բրուքինգս ինստիտուտ:
Ցուցարարների պաստառներին կոչեր էին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դադարեցնել քուրդ ժողովրդի հանդեպ բռնաճնշումներն ու աջակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Էրդողանի անվտանգության ծառայության կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն է գործադրվել. նրանցից մեկը հրելով Բրուքինգսի շենքից դուրս է բերել թուրք լրագրողներից մեկին և տապալել գետնին, որոշակի հրմշտոց է տեղի ունեցել, որը կարգավորվել է ոստիկանության կողմից:
Վաշինգտոնում Էրդողանն աշխարհի շուրջ հիսուն երկրների ղեկավարների հետ մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Ի սկզբանե Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել, որ պաշտոնական հանդիպում Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև նախատեսված չէր: Այնուամենայնիվ, Օբամա-Էրդողան կարճատև առանձնազրույց տեղի է ունեցել, որի ընթացքում, ինչպես հաղորդվում է քննարկվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հետագա քայլերը:








