Գեղարքունիքում ավարտվեց Հայաստանի շախմատի համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը
SPORTԳեղարքունիքի մարզում ավարտվեց Հայաստանի շախմատի համադպրոցական 10-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որը մեկնարկել էր 2015 թվականի հոկտեմբերի 1-ին:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, շախմատի համադպրոցական օլիմպիադան համատեղ կազմակերպում են ՀՀ շախմատի ֆեդերացիան եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Օլիմպիադային մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի դպրոցականները, իսկ 9-րդ տարին անընդմեջ այս մրցաշարին իր աջակցությունն է բերում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:
Օլիմպիադայի մարզային փուլին մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից մասնակցում էր մեկ թիմ: Չորսական անդամներից բաղկացած այս հինգ թիմերը հաղթող էին ճանաչվել նախորդ փուլերում: Խաղն ընթանում էր արագ շախմատի կանոններով:
Մրցաշարում հաղթող ճանաչվեց եւ մայիս ամսին Ծաղկաձորում կայանալիք շախմատային օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակցության իրավունք նվաճեց Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը:
Մարզային փուլին մասնակցող 20 դպրոցականներին «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ներկայացուցիչները նվիրեցին շախմատի մասին պատմող գրքեր: Հաղթող թիմը ստացավ նաեւ հաղթական գավաթ, իսկ թիմի անդամները՝ մեկական պլանշետ: Կազմակերպիչների հավաստմամբ՝ օլիմպիադայի շնորհիվ ի հայտ են եկել շնորհալի աշակերտներ, դպրոցականների շրջանում աճել է հետաքրքրությունն արքայական խաղի հանդեպ:
Խոսրով Խլղաթյան