ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի վերջին հարձակումները Լեռնային Ղարաբաղի դեմ
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է.
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փալոնեն հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին լայնածավալ հարձակման առնչությամբ, որտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված լայնածավալ հարձակումների նոր ալիքը, հաղորդում է Asbarez-ը:
«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ռազմական գործողությունների սրումը եւ միանում եմ Օբամայի վարչակազմի կոչին՝ անհապաղ թուլացնել լարվածությունը»,-ասված է հայտարարությունում։
Կոնգրեսականի խոսքով, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հետեւողականորեն շարունակում է արհամարհել միջազգային հանրության կոչերն՝ ուղղված բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման հասնելուն, որը կապահովի հարատեւ խաղաղություն տարածաշրջանում:
«Անընդունելի է, որ Ադրբեջանը շարունակում է իր ներկայիս ռազմատենչ ճանապարհը։
Ես կոչ եմ անում, որ Օբամայի վարչակազմին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից եւ շարունակել աշխատել խաղաղությանը նպաստող առաջարկների իրականացման ուղղությամբ»,-ասված է կոնգրեսականի հայտարարությունում։
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։ 1994 թվականի հրադադարից հետո սա աննախադեպ սադրանք է Ադրբեջանի կողմից։ Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից հրթիռակոծվել է դպրոց, որի հետեւանքով մահացել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են:
Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:
Հայկական կողմն ունի 18 զոհ եւ մոտ 35 վիրավոր:



