Էրդողանը քրդական խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը հնարավոր չի համարում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հնարավոր չի համարում երկրում քրդական խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով եւ շարունակել բանակցությունները Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
«Մենք նրանց (PKK-ի անդամներին) առաջարկել ենք ապրել խաղաղության մեջ, հայտարարել ենք քրդական խնդրի խաղաղ կարգավորման գործընթաց, իսկ նրանք մեզ խաբել են: Նրանք կամ պետք է հանձնվեն, կան կոչնչացվեն», -հայտարարել է նա` Անկարայում Կարմիր կիսալուսին միության համագումարում:
Թուրքական կողմը Էրդողանի նախաձեռնությամբ դեռեւս 2012 թվականին սկսված քրդական խնդրի խաղաղ կարգավորման գործընթացից հրաժարվել է Իմրալի բանտում ցմահ ազատազրկված քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ երկու տարի շարունակված բանակցությունները տապալելուց հետո` չկատարելով այդ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից ոչ մեկը: Դրանից հետո PKK-ի ազատամարտիկները մի քանի անգամ միակողմանի զինադադար են հայտարարել եւ կատարել իրենց խոստումը, սակայն, թուրքական ուժային կառույցները շարունակել են բռնությունները PKK-ի ազատամարտիկներ ի եւ խաղաղ բնակչության դեմ:
2015 թվականի հուլիսին Թուրքիայում PKK-ի հետ զինված հակամարտության վերսկսումից հետո քուրդ ազատամարտիկների հետ բախումներում սպանվել են 350-ից ավելի զինվորականներ եւ ոստիկաններ եւ հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
PKK-ի կողմից 1984 թվականից մինչ այժմ ընթացող ազատագրական պայքարում զոհվել են 50 հազարից ավելի ուժայիններ եւ խաղաղ բնակչություն Թուրքիայում:
PKK-ն հայտարարել է, որ շարունակելու է պայքարը քրդերի ինքնորոշման իրավունն իրականացնելու համար:



