Ադրբեջանում վերջին տարիներին հարյուրավոր ծննդկաններ են մահացել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի առողջապահության նախարարությունը ծննդկանների մահվան դեպքերը երկու անգամ պակաս է ներկայացնում հանրությանը:
Այս մասին գրում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթն իր` «Վերջին տարիներին հարյուրավոր մայրեր ծննդաբերության ժամանակ մահացել են» վերնագրով հոդվածում:
Թերթը նշում է, որ այդ բնագավառում տեղական պաշտոնական տվյալների եւ միջազգային կառույցների նշած թվերի միջեւ խիստ տարբերություն կա:
«Ադրբեջանի առողջապահության նախարարության ծննդաբերությանն օգնության հանձնաժողովը հայտնել է, որ 2015 թվականին ծննդաբերության ժամանակ մահացել են 23 մայրեր, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ այդ թիվը 48 է»,- գրում է թերթը:
Հոդվածում նշվում է, որ միայն 2014 թվականին մոր եւ երեխայի մահերի հետ կապված 42 հոգի բժշկական անձնակազմ վարչական պատժի է ենթարկվել, 13 բժիշկ հեռացվել է աշխատանքից:
Նշվում է, որ բժշկական հանձնաժողովները ցանկանում են այդ մահերը կապել մոր առողջական խնդիրների հետ:
«Պատժված բժիշկների թվաքանակից երեւում է, որ միջադեպերի կեսից ավելին տեղի է ունեցել բժշկի եւ մանկաբարձի սխալի պատճառով», -հայտնում է թերթը:
Հետազոտության մեջ երեխաների մահվան հետ կապված թերթն անդրադառնում է եւս մեկ պահի:
«Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի կայքում նորածինների վիճակագրություն չի անցկացվում: Ինչպես երեւում է` այդ բնագավառում իրավիճակն այնքան վախենալու է, որ խուսափում են դա խոստովանել»,- գրում է թերթը:



