Հայ հայտնիներ, ովքեր չեն սահմանափակվում միայն մի գործով
LIFEԻնչպես պարզեցինք՝ մեր շոու բիզնեսում և հեռուստադաշտում կան դեմքեր, ովքեր իրենց անմիջական աշխատանքից զատ գործունեություն են ծավալում լրիվ այլ՝ երբեմն բավական անսպասելի ոլորտներում:
Սուրեն Փահլևանյան ու Յանա Դանիելյան հաղորդավարական զույգի համար աշխատանքը չի սահմանափակվում միայն «Առավոտ լուսո» հեռուստածրագրի («հ1») տաղավարով, կամ «Երաժշատական խաչմերուկի» («Դար 21») ավտոտարածքով: Ինչպես պարզվեց, «կադրից դուրս» Սուրենը մի շինարարական կազմակերպությունում տեխնիկական վերահսկիչ է աշխատում: Նշենք, որ այս բնագավառն անծանոթ չէ նրան. Սուրենը մասնագիտությամբ շինարար է, ավարտել է Ճարտարագիտական համալսարանը:



Յանան էլ իր հերթին աջակցում է հոր ընտանեկան բիզնեսին՝ իր մայրիկի հետ ղեկավարում է տուրիստական ընկերության աշխատանքները: Ինչպես խոստովանել է Յանան՝ հեռուստաշխատանքից երբևէ մեծ եկամուտ չի ակնկալել, պարզապես այն ընկալում է որպես երկրորդ մասնագիտություն և աշխատում է հետաքրքրության համար: Մինչդեռ Սուրենն իր հեռուստաեկամուտներից չի բողոքում:

Ինչպես տեղեկացանք, ամուսիները երկու աշխատանքները համատեղելու խնդրի առջև չեն կանգնում: Ավարտելով իրենց առավոտյան եթերը, նրանք հասցնում են նաև աշխատանքային մյուս պարտականությունները կատարել: Իսկ իրենց դստերը՝ 1.5 տարեկան Ադելին, բազմազբաղ ծնողները «հանձնում» են մանկապարտեզ, իսկ հարկ եղած դեպքում թողնում տատիկների խնամքին:

Պարզվում է՝ Աիդա Սարգսյանը, չնայած ժամանակին ծագած խնդիրների, այսօր էլ շարունակում է ծավալել սևանյան բիզնեսը: Ինչպես հասկացանք՝ այժմ շինարարական աշխատանքներն են տարվում՝ երգչուհուն պատկանող լողափը և լճափնյա ռեստորանը հյուրանոցով համալրելու ուղղությամբ: Թե վերջապես երբ պատրաստ կլինի հանգստյան գոտին, տիրուհին դժվարացավ պատասխանել: Հիմնականում Աիդան ընթացիկ գործերը վստահել է բարեկամներին, ովքեր աշխատում են տեղի-անտեղի չանհանգստացնել բազմազբաղ երգչուհուն:

Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն, Առաքել Միրզոյանը հաջողություններ է գրանցում ոչ միայն սպորտում, այլև բիզնեսում: Արդեն հինգ տարի է, ինչ նրա հիմնած ընկերությունն ապրանքներ է ներմուծում Հայաստան:



«Աստղայի պատմություններ» հեռուստածրագրի («հ2») հաղորդավար Նարինե Բաղդասարյանը նկարահանումներից ազատ ժամանակ յոգա է դասավանդում: Ավելին՝ ինչպես պարզեցինք, նա Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի փոխնախագահն է:

Հաղորդավար Արտավազդ Ամիրյանն արդեն մեկուկես տարի է, ինչ աշխատում է Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանում: Նա զբաղվում է լրատվական և մշակույթային հարցերով, բացի այդ հաճախ վարում է նաև կազմակերպվող միջոցառումները:



