ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» վերսկսմանը
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն դեմ է Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» վերսկսմանը, պատրաստ է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում նրա հետ երկխոսության վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ն առճակատում չի ցանկանում Ռուսաստանի հետ, մենք ձգտելու ենք այն բանին, որ խուսափենք «սառը պատերազմից» եւ կառուցողական համագործակցություն հաստատենք»,- ասել է նա՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով լրագրողների առջեւ:
Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը նշել է դաշինքի շահագրգռությունը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում երկխոսության վերականգնման հարցում, որը նրա խոսքով, չի ընդհատվել, այլ միայն կասեցվել է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:
Ստոլտենբերգը հայտնել է, որ Խորհրդի գծով շփումների վերականգնման հարցը ներկայում ռուսական կողմի հետ քննարկման գործընթացում է:
Միեւնույն ժամանակ գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանի քաղաքականությունը դեռեւս անհանգստություն է առաջացնում դաշինքի անդամների շրջանում: Դա, ինչպես պարզաբանել է նա, բխում է այն բանից, որ Ռուսաստանը «մեծացնում է իր ռազմական հզորությունը», «սպառնում է հարեւաններին», «վերաձեւում է սահմանները» եւ փորձում է «ապակայունացնել Ուկրաինայի իրադրությունը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



