Ֆինանսների նախարարի ֆինանսները
ECONOMICSԸստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի 2015թ-ի տարեկան հայտարարագրի՝ վերջինս մեկ միլիոն ԱՄՆ դոլարից ավել փոխառություններ ունի հանձնած:
Մասնավորապես՝ Գագիկ Խաչատրյանը 2015թ-ին 56 հազար 247 ԱՄՆ դոլար փոխառություն է հանձնել՝ այդպիսով իր փոխառությունների գումարը հասցնելով մեկ միլիոն 56 հազար 247 ԱՄՆ դոլարի:
Ոչ պակաս ուշագրավ են նրա դրամական միջոցները՝ 220 միլիոն դրամ եւ մեկ միլիոն 900 հազար ամերիկյան դոլար: Նախարարն որպես իր մեկ տարվա եկամուտ է նշել 11 միլիոն 396 հազար 263 դրամ աշխատավարձը եւ 56 միլիոն 406 հազար 158 դրամ փոխառություններից ստացված տոկոսը:
Իր դրամական միջոցներով ամուսնուց ետ չի մնում կինը՝ Լաուրա Եփրեմյանը, ում դրամական միջոցները 72 միլիոն դրամ եւ 728 հազար ամերիկյան դոլար են կազմել: Նախարարի կինը երկու միլիոն 112 հազար 247 ԱՄՆ դոլարի չափով փոխառություններ ունի հանձնած՝ մեկ միլիոն դոլարով ավելի, քան իր նախարար ամուսինը:
Խաչատրյանի կնոջ մեկ տարվա աշխատավարձն էլ կազմել է երկու միլիոն 687 հազար դրամ, իսկ փոխառություններից ստացված տոկոսը՝112 միլիոն 749 հազար 788 դրամ:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բազմաթիվ բիզնեսներ ունեցող նախարարին են պատկանում «Խրոնոգրաֆ» խանութը, «Յուքոմ» ընկերությունը, «Գալաքսի» սուպերմարկետը եւ տաքսի ծառայությունը, «Չիմեգը», «Հագուստի աշխարհ»-ը եւ մեծ եկամուտ ունեցող այլ ընկերություններ: Ըստ տարածված լուրերի նրան է պատկանում նաեւ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան