ՀՀԿ. Հայաստանը հստակ քաղաքական մեսիջ է հղել Ռուսաստանին՝ մեր հակառակորդին զենք վաճառելու վերաբերյալ
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է.
Հայաստանը հստակ քաղաքական մեսիջ է հղել Ռուսաստանին՝ մեր հակառակորդին զենք վաճառելու վերաբերյալ: Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Մենք հիացած չենք, ցավ ենք ապրում, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին, միգուցե նաեւ հավասարակշռությունը խախտում տարածաշրջանում»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, թե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին Սերժ Սարգսյանի ասածը զգացմունքային չէր, այլ քաղաքական հստակ մեսիջ էր:
Այդուհանդերձ, ՀՀԿ մամուլի խոսնակը պնդում է, թե սլաքները սխալ ուղղությամբ են շարժվում, մեր թիրախը պետք է լինի Թուրքիան, որի նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարը օրվա մեջ մի քանի անգամ գովում են ադրբեջանական ագրեսիան: «Տարածաշրջանի երկրներից միակը Թուրքիան է, որը անթաքույց աջակցություն է հայտնում Ադրբեջանին»,- ասել է Շարմազանովը:
Նա կարծում է, թե վերջին դեպքերից հետո Եվրասիական տնտեսական միության հեղինակությունն անկում ապրեց մեր աչքերում: «Բայց բոլոր խնդիրներով հանդերձ, կարծում եմ՝ ԵՏՄ-ում լինելու օգուտները ավելի շատ են: Իսկ անվտանգության մասին խոսքերը, լոկ խոսքեր չեն: Իսկ այն, որ ՀԱՊԿ մեր որոշ գործընկերներ իրենց գործընկերոջ պես չեն պահել, ակնհայտ է: Ցանկացած երկիր պետք է ռազմաքաղաքական որեւէ բլոկում լինի, եւ ՀԱՊԿ-ում լինելը առաջին հերթին անհրաժեշտ է մեզ»,- ասել է Շարմազանովը:



