Կառլեն Մկրտչյանը ամբողջական հանդիպում է անցկացրել
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու Կառլեն Մկրտչյանն իր ակումբի` Մախաչկալայի «Անժիի» կազմում խաղացել է «Ռոստով»-ի դեմ հանդիպմանը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի «Պրեմիեր լիգա»-ի առաջնության 23-րդ տուրի առաջին խաղային օրը «Անժին» սեփական հարկի տակ ընդունել է մրցաշրջանի առաջատար «Ռոստով»-ին:
«Անժի Արենա»-ում կայացած հանդիպումն անցել է հավասար պայքարում, սակայն թիմերից և ոչ մեկը չի փորձել ռիսկի դիմել հաղթանակի հասնելու համար: Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, ինչը թույլ է տվել «Անժի»-ին միավորների քանակով հավասարվել ու լրացուցիչ արդյունքներով միառժամանակ շրջանցել նախավերջին տեղում ընթացող Սարանսկի «Մորդովիա»-ին: Այս պահին թե՛ «Անժի»-ի, թե՛ «Մորդովիա»-ի օգտին կա 16 միավոր:
Իր հերթին «Ռոստովը» կարող է այս տուրից հետո զիջել առաջատարի դիրքը, քանի որ իր հաշվին 45 միավոր ունեցող թիմից ընդամենը 2 միավոր պակաս ունի Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն, որը սեփական հարկի տակ` «Խիմկի Արենա»-ում ապրիլի 9-ին ուժերը կչափի «Մորդովիա»-ի դեմ: Դժվար է ակնկալել, որ այս խաղում «բանակայինները» միավոր կկորցնեն:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի խաղին, ապա նա տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը` որոշ դեպքերում աչքի ընկնելով օգտակար ու հուսալի խաղով: