Վոլեյբոլի մարզիչները հնարավորություն են ստացել որակավորվելու
SPORTՀայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ ապրիլի 13-17-ը կազմակերպում է «Վոլեյբոլը քո ուղին է» սեմինար:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան հայտնում է, որ մարզչական այս սեմինարը մասնակցելու են Հայաստանի տարբեր մարզերից և Երև անից 35 մասնագետներ:
«Մարզչական սեմինարին մասնակցությունը 35 մասնագետների հնարավորություն է տալու ստանալ 1-ին մակարդակի մարզչական որակավորումը, ինչը թույլ կտա աշխատելու մանկապատանեկան ու պատանեկան թիմերի հետ:
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան մեզ տրամադրել է ընդամենը 35 տեղ, այնպես որ բոլորը չէ, որ հնարավորություն ունեն որակավորվելու:
Իհարկե, մասնակցել կարող են ոչ միայն հրավիրված մարզիչները, այլև ցանկացած այլ մարզիչ, ուղղակի պետք է հասկանալ՝ տրվել են սահմանափակ որակավորման տեղեր»,- նշեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը՝ հավելելով, որ մարզչական սեմինարի վերջում մասնագետները պետք է նաև որակավորման քննությունն հանձնեն 1-ին մակարդակի հավաստագիրը ստանալու համար:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից հայտնեցին, որ մարզիչների հետ դասընթացներ կանցկացնի Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից Հայաստան հատուկ առաքելությամբ գործուղված չեխ մասնագետ Միլոսլավ Էժեմը: Ըստ Կարեն Ասմարյանի՝ ապրիլի 13-ից Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գրասենյակում (հասցե՝ Աբովյան 43) մարզչական սեմինարին մասնակցողների մեջ կան ներկայացուցիչներ Սյունիքի, Արմավիրի, Շիրակի ու Լոռու մարզերից, չնայած սեմինարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները և վոլեյբոլով հետաքրքրվողները:
«Վերջին անգամ այսօրինակ մարզաչական որակավորման դասընթաց կազմակերպվել է տարիներ առաջ: Սա իսկապես լավ հնարավորություն է այն մասնագետների համար, ովքեր աշխատում են հենց մանկապատանեկան վոլեյբոլում և հնարավորություն ունեն 1-ին մակարդակի որակավորում ստանալ»,- հավելեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: