Ուսանող հայ շախմատիստներն աշխարհում առաջատար դիրքերում են
SPORTԱՄԷ-ի Աբու Դաբի էմիրությունում ընթացող Շախմատի համաշխարհային ուսանողական խաղերին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչները բավականին հաջող են հանդես գալիս:Ապրիլի 9-ից մեկնարկած մրցաշարի ընթացքում նախատեսված 9 տուրերից 5-ն արդեն կայացել են:
Տղաների պայքարում Հայաստանը ներկայացված է 3 շախմատիստներով: Մրցաշարի առաջատարը մինչև այժմ իդեալական արդյունք ցուցաբերող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն է, ով իր բոլոր 5 հանդիպումներն էլ ավարտել է հաղթանակով և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գաբուզյանին 0.5 միավորով է զիջում մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը` Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր և մի շարք շախմատիստների հետ գտնվում է 4-րդ հորիզոնականում, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը իր ակտիվում ունի 3 միավոր: Այս միավորների շնորհիվ Պետրոսյանը գտնվում է 12-րդ հորիզոնականում:
Աղջիկների մրցաշարում հանդես եկող Հայաստանի միակ ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը 5 հնարավորից վաստակել է 4.5 միավոր և ընթանում է 1-ին հորիզոնականում: Մրցաշարի 5-րդ տուրում հայուհին առավելության է հասել մինչ այդ առաջատար դիրքում գտնվող, Իրանը ներկայացնող Հակիմիֆարդ Ղազալի նկատմամբ:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը նույնպես առաջատարն է: Այն 5 տուրից հետո վաստակել է 13.5 միավոր և 2 միավորով առաջ անցել 2-րդ և 3-րդ հորիզոնականներում ընթացող Ռուսաստանի և Իրանի թիմերից:
Հայ ուսանողների շախմատային հաջողությունները հետաքրքրել են նաև ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքին, որն անդրադարձել է հայ շախմատիստների` Շախմատի համաշխարհային ուսանողական խաղերի ելույթներին:
Ապրիլի 12-ը խաղային օր չէ. շախմատիստները հանգստանում են: Մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերը կկայանան ապրիլի 13-ին, 8-րդ և 9-րդ տուրերը համապատասխանաբար ապրիլի 14-ին և 15-ին: