Հայաստանում գազն էժան է, իսկ «Նաիրիտը» թանկ կաուչո՞ւկ է արտադրում. Նաիրա Զոհրաբյան
ECONOMICSԱնհասկանալի է, ինչպես է հնարավոր «Նաիրիտում» թանկ կաուչուկ լինի, եթե Հայաստանը նման շահավետ պայմաններով է գազ ստանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, Հայաստանի ԱԺ-ում «Նաիրիտ» գործարանի խնդիրներին նվիրված լսումների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին:
«Բազմիցս ասվել ու ասվում է, որ այն պայմանները, որոնցով Հայաստանը գազ է ստանում, տարածաշրջանում ամենաշահավետներից է: Իսկ դուք մեզ հայտարարում եք, որ կաուչուկ արտադրելը շատ թանկ էր: Ինչպե՞ս դա հասկանալ:»,-վրդովված նշել է Զոհրաբյանը:
Հարցին ի պատասխան Երվանդ Զախարյանը ուղիղ պատասխան չի տվել՝ հայտարարելով, որ «տարբեր գներով կարելի է տարբեր ինքնարժեք ստանալ»:
Հիշեցնենք, որ 2013-ի դեպտեմբերին համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն Հայաստանը ռուսական գազը սահմանին ստանում է 189 դոլարով՝ 1000 խմ-ի համար: Նոր համաձայնագրով, 2015-ի հունվարի 1-ից այդ գինը նվազեցվել է մինչեւ 165 դոլար: