Քրիստինե Պետրոսյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 5-րդն էր
SPORTՆորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որի շրջանակներում ապրիլի 13-ին մրցահարթակում էին կանանց 63 կգ քաշային մարզուհիները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ կանանց պայքարում Հայաստանը ներկայացնում էր 24-ամյա Քրիստինե Պետրոսյանը, ով «A» ենթախմբում գրանցեց երկամարտի 207 կ գ ընդհանուր արդյունք և զբաղեցրեց 5-րդ տեղը:
Բացի Հայաստանի ներկայացուցչից 63 կգ քաշային կանանց մրցաշարին մասնակցում էին նաև 9 այլ մարզուհիներ 6 երկրներից՝ 1-ական ներկայացուցիչներ Իտալիայից, Շվեդիայից, Լեհաստանից և Ֆինլանդիայից, 2-ական՝ Ռուսաստանից ու Մեծ Բրիտանիայից:
Պետրոսյանը պոկում վարժությունում նախ 90 կգ-անոց ծանրաձողին մոտեցավ, որից հետո արդեն կարողացավ բարձրացնել նաև 93 կգ-անոցը: Անհաջող ստացվեց 3-րդ մոտեցումը. հայուհին իրեն չենթարկեց 95 կգ ծանրաձողը՝ իր արդյունքով գրավելով պոկում վարժության 5-րդ հորիզոնականը:
Հրում վարժությունում Պետրոսյանը նախ գլխավերևում պահեց 108 կգ ծանրաձողը, ապա նաև իր մեջ ուժեր գտավ բարձրացնելու թե 111 կգ-անոց, թե 114 կգ-անոց քաշը՝ հրում վարժությունում 6-րդ լավագույն արդյունքը գրանցելով: Երկրամարտի ընդհանուր 207 կգ արդյունքը Պետրոսյանին թույլ տվեց զբաղեցնել 5-րդ հորիզոնականը:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Ռուսաստանի ներկայացուցիչ Նատալիա Խլեստկինան: 23-ամյա մարզուհուն հաջողվել է երկամարտի ընդհանուր 222 կգ արդյունք գրանցել: Արծաթե մեդալին տիրացել է Ռուսաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Դիանա Ախմետովան, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի ներկայացուցիչ Ջիորջիա Բորդիգնոնը: