Հայաստանի 5 բռնցքամարտիկներ թուրքական մրցաշարի կիսաեզրափակչում են
SPORTԹուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարի 5-րդ մրցումային օրը բավականին հաջող դասավորվեց հայ բռնցքամարտիկների համար: «Արմենպրես»-ը հայտնում է, որ քառորդ եզրափակիչ փուլ դուրս եկած Հայաստանի 6 ներկայացուցիչներից 5-ին հաջողվել է դուրս գալ կիսաեզրափակիչ:
Չնայած մրցումային օրվա առաջին մենամարտում 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվել էր Նորվեգիան ներկայացնող Հանսեն Մարիելին և դուրս մնացել հետագա պայքարից, սակայն դա որևէ կերպ հոգեբանական ազդեցություն չունեցավ Հայաստանի մյուս 5 ներկայացուցիչների համար: Ուժեղ մրցակցի՝ Բաքվում կայացած Եվրոպական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր` Փաթ Կորմաքի (Մեծ Բրիտանիա) դեմ հաղթանակ տոնեց 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը՝ դեպի կիսաեզրափակիչ ուղի հարթելով Հայաստանի մյուս անդամների համար: Թեթևագույն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը քառո րդ եզրափակչում հաղթանակով ավարտեց մենամարտը Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսի դեմ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանն էլ առավելության հասավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարի բրոնզե մեդալակիր, իտալացի բռնցքամարտիկ Վինչենցո Պիկարդիի նկատմամբ:
56 կգ քաշային Արամ Ավագյանը քառորդ եզրափակչում մենամարտում էր վարկանշային այս մրցաշարը հյուրընկալած երկրի՝ Թուրքիայի ներկայացուցչի դեմ: Չնայած թեժ մթնոլորտին՝ Ավագյանը 3-0 հաշվով առավելության հասավ Իբրահիմ Գոկցեկի նկատմամբ:
69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը քառորդ եզրափակչում ուժերը չափեց Մեծ Բրիտանիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Չիրուս Փաթինսոնի դեմ պայքարում: Մարգարյանը կարողացավ արժանիորեն հաղթել ուժեղ մրցակցին և դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ:
Ապրիլի 15-ին կայանալիք կիսաեզրափակչային մենամարտերում հայ բռնցքամարտիկների մրցակիցների անուններն արդեն հայտնի է: 49 կգ քաշային Հովհաննիսյանն ուժերը կչափի իտալացի Մանուել Չապաիի դեմ, 52 կգ քաշային Աբգարյանի մրցակիցը կլինի իռլանդացի Բրենդան Իրվինը, 56 կգ քաշային Ավագյանին բաժին է ընկել Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Ջավիդ Չալաբիևը: Ինչ վերաբերում է 64 կգ քաշային Բաչկովին և 69 կգ քաշային Մարգարյանին, ապա հայ բռնցքամարտիկներից առաջինի մրցակիցը կլինի Լիտվայի ներկայացուցիչ Էվալդաս Պետրաուսկասը, երկրորդն էլ կմենամարտի Իտալիայի ներկայացուցչի՝ Վնչենցո Մանջիակապրեի դեմ:
Օլիմպիական ուղեգրի նվաճման համար հայ մարզիկներից պահանջվում է ուղղակի հաղթել իրենց բաժին ընկած մրցակիցներին՝ դուրս գալով եզրափակիչ: Կիսաեզրափակչում պարտվելու դեպքում հայ բռնցքամարտիկները հնարավորություն կունենան 3-րդ տեղի համար մենամարտ անցկացնել. 3-րդ տեղը նույնպես կապահովի Ռիոյի 2016 թ.-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր: