Անվանի բասկետբոլիստն անցկացրել է կարիերայի վերջին խաղը
SPORTԱմերիկյան «NBA»-ի բասկետբոլի կանոնավոր առաջնության խմբային փուլի վերջին խաղում «Լոս Անջելես Լեյքերս»-ի պաշտպան Քոբի Բրայանտը իր 20-ամյա կարիերայի վերջին խաղն է անցկացրել: 37-ամյա բասկետբոլիստը «Յուտա Ջազ»-ի դեմ տնային խաղում նաև բավականին արդյունավետ է գործել` օգնելով իր թիմին հաղթել 101-96 հաշվով: Անվանի բասկետբոլիստն այս խաղում հավաքել է նաև 60 միավոր:
Խաղահրապարակում 42 րոպե անցկացրած Բրայանտը խաղից ստեղծված 50 հնարավորություններից իրացրել է 22-ը, իսկ եզրային գոտուց դիպուկ է եղել 10 դեպքում` ունենալով 12 հնարավորություն: Իր հաշվին լեգենդար մարզիկը նաև 1 խլում և 4 փոխանցում է գրանցել, օղակից ետ մղված գնդակին 4 անգամ է տիրել և 1 անգամ էլ փակել է մրցակցի հարվածը: Խաղի ավարտից հետո բասկետբոլիստի ՕԳԳ-ն եղել է +7 միավոր:
Հատկանշական է, որ հանդիպումը դարձել է Բրայանտի լավագույն արդյունքը 2009 թ.-ից առ այժմ (այդ տարի «Նյու Յորք Նիքս»-ի դեմ խաղում Բրայանտին հաղջողվել էր 61 միավոր վաստակել): Ինչ վերաբերում է 60 միավորանոց ցուցանիշին, ապա սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ Բրայանտը մեկ խաղում 60 և ավելի միավոր է վաստակում. սա իր կարիերայի 5-րդ դեպքն էր:
Բրայանտը նաև յուրատեսակ ռեկորդ սահմանեց իր կարիերայի վերջին խաղում. 50 նետում խաղից արդյունքը բասկետբոլիստի համար առաջին դեպքն է (2002 թ.-ին նա «Բոսթոն»-ի հետ խաղում ուղիղ 47 նետում էր իրականացրել): Ինչ վերաբերում է «NBA»-ին, ապա մրցաշարում Բրայանտի անունը դեռ երկար վառ կմնա. լեգենդար բասկետբոլիստը դարձավ ամենից տարեց խաղացողը, ում հաջողվել է 50 միավորից ավելի վաստակել մեկ խաղում:
«Ինձ դուր եկավ, թե ինչպես հեռացավ Բրայանտը: Իմ կարծիքով` դա ուղղակի իդեալական էր»,- «Յուտա»-ի դեմ խաղից հետո ասել է «Լեյքերս»-ի գլխավոր մարզիչ Բայրոն Սքոթը: