Ժնեւում թափ են առնում միջսիրիական բանակցությունները
INTERNATIONAL NEWSԺնեւում աստիճանաբար թափ են առնում միջսիրիական բանակցությունները, սակայն գլխավոր աշխատանքը դեռ առջեւում է: Առայժմ մասնակիցները հայտարարում են իրենց դիրքորոշումները եւ Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային ներկայացնում «տնային աշխատանքը»՝ այն գաղափարներն ու առաջարկությունները, որոնք պատրաստվել են նախորդ փո ւլի ընթացքում կայացած քննարկումների արդյունքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դեռեւս Ժնեւ չի ժամանել Սիրիայի կառավարության պատվիրակությունը: Սպասվում է, որ դա տեղի կունենա ապրիլի 15-ին: Այդ օրը կժամանի նաեւ ներքին ընդդիմության «Հմեյմիմ» խումբը:
Այդպիսով, ուրբաթ օրը միջսիրիական բանակցություններում խոստանում է լինել լարված. պլանավորված են Միստուրայի հանդիպումը կառավարության պատվիրակության հետ եւ ընթացիկ փուլում արդեն երկրորդ հանդիպումը ընդդիմադիր Բանակցությունների բարձրագույն կոմիտեի հետ: «Հմեյմիմ» խմբի հետ ՄԱԿ-ի հանձնակատարի շփումների մասին առայժմ հայտնի չէ, բայց դրանք նույնպես բացառված չեն, քանի որ շաբաթը եւ կիրակին միջսիրիական բանակցություններում ավանդաբար հանգստյան օրեր են:
Իսկ նախօրյակին դե Միստուրան հանդիպում է ունեցել սիրիական ընդդիմության Մոսկվա-Կահիրե խմբի հետ: Քննարկման գլխավոր թեման դարձել են Սիրիայում անցման շրջանի հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



