Ի՞նչ պատասխան է տալու դատախազ Մարտիրոսյանն ապօրինի ազատազրկման և չբացահայտված սպանության դեպքի համար
SOCIETYՎանաձորում դանակահարության հետևանքով մահացած 15-ամյա հանդբոլիստի սպանության գործով իրավապահները որպես մեղադրյալ էին ներգրավել վանաձորցի 22-ամյա Կարեն Կունգուրցևին, չնայած քաղաքում շրջանառվող խոսակցություններով, դեպքը ԱԱԾ ինչ-որ աշխատակցի որդու հետ էր կապվում: Մինչդեռ դատախազությունը՝ դատախազ Պետրոս Մարտիրոսյանի միջոցով, Կունգուրցևի վերաբերյալ մեղադրանքն էր ուղարկել դատարան:
2 տարի 7 ամիս մեղադրյալի կարգավիճակով պահվելով անազատության մեջ՝ ապրիլի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Կարեն Կունգուրցևն անպարտ ճանաչվեց առաջադրված մեղադրանքում և արդարացվեց:
Պաշտպանական կողմը հենց սկզբից էր հայտարարում մեղադրանքի անհիմն լինելու մասին, տուժող կողմն էլ՝ սպանված անչափահասի հայրը, սկբում ոչ միանշանակ, բայց դատական քննության ընթացքում ինքն էլ եկավ նույն համոզմունքին, որ Կ.Կունգուրցևն անմեղ է վերագրվող սպանության մեջ, դատական ճառերի փուլում էլ հանդես եկավ հստակ դիրքորոշմամբ՝ Կ. Կունգուրցևի անմեղության վերաբերյալ:
Ամբողջ դատաքննության ընթացքում՝ 1 տարի 7 ամիս, անընդհատ բարձրաձայնվում էին իրավապահների կողմից թույլ տրված դատավարական խախտումների ու ապօրինությունների մասին, բայց մեղադրանքի կողմը ո´չ փորձում էր ընդունել դրանք, ո´չ էլ գոնե փոխել դիրքորոշումը: Վերջում էլ հսկող դատախազ Պետրոս Մարտիրոսյանն ու դատարանում մեղադրանքը պաշտպանելու համար նրան միացած ևս երկու դատախազներ պատիժ պահանջեցին Կունգուրցևի համար՝ 9,5 տարվա ազատազրկում:
Խոսելով դատարան հասցված անհիմն մեղադրանքի, դրա հիմքով 22-ամյա երիտասարդի՝ 2 տարի 7 ամիս ապօրինի ազատազրկման և ընդհանրապես այս գործի մասին՝ արդարացվածի պաշտպան Արայիկ Պապիկյանն այն բնութագրելով՝ նշում է. «Սա մեր երկրում կարող է դիտարկվել և´ տարբերվող, և´ սովորական՝ ստանդարտների մեջ»:
Իսկ զուտ իրավական առումով բարդ դատական գործընթաց էր, ծավալուն, գործով անցնող շուրջ 40 վկաներով՝ մեծ մասամբ անչափահասներ: Հավատում էին արդարացման ելքով գործի ավարտին, բայց, ինչ խոսք, վերջնական որոշումը դատարանինն էր: Կբողոքարկի՞ դատախազությունն արդարացման դատավճիռը, թե՞ ոչ, պաշտպանը դժվարանում է կանխատեսել, նրա խոսքով, իրենք էլ դեռ այս պահին չեն քննարկել Կունգուրցևի ապօրինի անազատության, նրա խախտված իրավունքների համար պայքարի հետագա քայլերը:
Ինչ վերաբերում է կոնկրետ սպանության դեպքով հանցագործի բացահայտված չլինելու փաստին, պաշտպանի խոսքով՝ դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի այդ հարցին, իր գործն է, կարծում է, որ քննություն կտարվի այդ մասով:
Ադրինե Թորոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



