Մինսկի միջազգային առաջնությունում արտաշատցի ըմբիշը վաստակել է բրոնզե մեդալ
SPORTՄինսկում ապրիլի 15-16-ն անցկացված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային առաջնությունում Հայաստանի հավաքականում ընդգրկված Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան, 61 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը` նվաճելով բրոնզե մեդալ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ իրենք գոհ են Գեւորգի ցույց տված արդյունքից: «Նա դեռեւս 20 տարեկան է եւ շատ խոստումնալից երիտասարդ ու մարզիկ: Նրա հետ մեծ հույսեր ենք կապում»,-ասաց Սիմոնյանը` ավելացնելով, որ Գեւորգը հունիսին կմասնակցի նաեւ Եվրոպայի առաջնությանը: «Ավելի լավ մարզավիճակում լինելու համար նա ջանք ու եռանդ չի խնայում»,-ավելացրեց մարզադպրոցի տնօրենը:
Թադեւոսյանին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:
Մինսկում կայացած միջազգային մրցաշարին մասնակցում էին տարբեր երկրների ազատ ոճի ըմբշամարտի մի շարք ուժեղագույն հավաքականներ:
Լիլիթ Մաճկալյան