Քերիին եւ Զարիֆին հաջողվել է առաջընթացի հասնել «մի շարք հանգուցային հարցերի» շուրջ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Նյու Յորքում կայացաած հանդիպմանը հաջողվել է որոշ առաջընթացի հասնել մի շարք հանգուցային հարցերի շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք բոլորս աշխատում ենք, որպեսզի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (միջուկային համաձայնագիրը) կատարվի ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է: Եվ որ համաձայնագրի բոլոր կողմերը օգուտ ստանան դրանից: Մենք այսօր քննարկեցինք մի շարք հանգուցային հարցեր, դրանց շուրջ հասանք որոշ առաջընթացի: Մենք պայմանավորվեցինք հանդիպել ապրիլի 22-ին՝ կլիմայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո, որպեսզի ամրապնդենք այն բաները, որոնց շուրջ մենք խոսեցինք»,- ասել է Քերին լրագրողներին:
Իր կողմից Զարիֆը հաստատել է, որ Քերիի հետ հանդիպմանը քննարկել է «միջուկային ծրագրի» վերաբերյալ համաձայնագրի իրականացման հարցը:
«Մենք քննարկեցինք այն, թե ինչպես ենք իրականացնելու Իրանի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որպեսզի երաշխավորվի, որ մենք կստանանք այն օգուտը, որի իրավունքն Իրանն ունի համաձայնագրի իրագործումից»,- ասել է Զարիֆը:
Իրանը իր միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրակցության հետ համաձայնագրի կնքումից եւ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո ձգտում է մուտք ապահովել ԱՄՆ-ի ֆինանսական համակարգ եւ դոլարային վճարումներ: ԱՄՆ-ի վարչակազմն առայժմ վերջնական որոշում չի ընդունել դրա վերաբերյալ: Այդ որոշմանը դեմ է հանդես գալիս Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



