ՌԴ, Բելառուսի, Լիտվայի, Լեհաստանի, Կանադայի կրթական հաստատություններ Երևանում մասնակցում են ցուցահանդեսի
INTERNATIONAL NEWSՀայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Լեհաստանի, Կանադայի յոթանասունից ավելի կրթական հաստատություններ են մասնակցում «Կրթություն և կարիերա EXPO 2016» միջազգային ցուցահանդեսին, որն ապրիլի 20-ին բացվեց Երևանի Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցահանդեսային համալիրում առանձին տաղավարներ ունեն Երևանի պետական համալսարանը, Հ երացու անվան բժշկական համալսարանը, Ագրարային, Տնտեսագիտական համալսարանները, Հայաստանում ամերիկյան համալսարանը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանի Երևանի մասնաճյուղը, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, Երևանի Գեղարվեստի ակադեմիան, Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան մանկավարժական համալսարանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, «Այբ» կրթական հիմնադրամը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և էլի շատ ու շատ կրթօջախներ։
Արդեն տասնվեցերորդ անգամ Երևանում կազմակերպվող այդ ցուցահանդեսը նպատակ ունի՝ միավորելով կարևորագույն կրթական ոլորտները, հնարավորություն ընձեռել հետաքրքրված անձանց ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև նպաստել գործնական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը։ Այդ նպատակով ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ և կլոր սեղաններ, վարպետաց դասեր, աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում շահագրգիռ կազմակերպությունները ոչ միայն կներկայացնեն իրենց կադրային հնարավորությունները, այլև հենց տեղում աշխատանք կառաջարկեն ապագա շ րջանավարտներին։
Կրթության ոլորտի այդ հեղինակավոր կազմակերպությունների շարքում ամենևին էլ չի խամրում Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, որի համբավը վաղուց տարածվել է հանրապետության շրջանակներից դուրս։ Հիրավի, մինջնադարի հանճարեղ գիտնական Անանիա Շիրակացու անունը կրող ճեմարանը տարածաշրջանում միակ կրթահամալիրն է, որի երեք դպրոցներն էլ ունեն Միջազգային բակալավրիատի հավաստագիր, այսինքն՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցներն իրավունք են ձեռք բերել կազմակերպել Միջազգային բակալավրիատի ծրագրով։ Ճեմարանի ցուցադրական նյութերից այցելուն կարող է պատկերացում կազմել կրթօջախի ուսուցման պրոցեսի, ընդհանրապես ճեմարանի կյանքի մասին։ Ի լրումն այս ամենի ասենք, որ ճեմարանի կրտսեր դպրոցի մի խումբ սաներին էր վստահվել ցուցահանդեսի բացման ժամանակ հանդես գալ թատերականացված ներկայացմամբ՝ հանրահայտ «Հայ զինվոր» երգի ուղեկցությամբ։ Այդ ցուցադրության վերջում «Շիրակացու թոռները» դեպի երկինք բաց թողեցին տասնյակ գունավոր փուչիկներ՝ մեր պետական դրոշի գույներով։
Ցուցադրանքի բացման ժամանակ հնչեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ողջույնի խոսքը՝ ուղղված ցուցահանդեսի մասնակիցներին և դրա կազմակերպիչներին։ Ցուցահանդեսը կգործի երեք օր։
Լևոն Ազրոյան



