Իրանը կշարունակի Իրաքին աջակցել ահաբեկչության դեմ մղվող պայքարում. Ռոուհանի
INTERNATIONAL NEWSԻրանը ձգտում է բարելավել համակողմանի կապերն Իրաքի հետ եւ հարեւան երկրում կայունության եւ անվտանգության ապահովումը դիտում է որպես իր քաղաքականության հանգուցային ուղղություններից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
«Իրանը տարբերություն չի դնում իր եւ Իրաքի կայունության ու անվտանգության միջեւ եւ կշարունակի հարեւան երկրին աջակցություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումների դեմ մղվող պայքարում»,- Իրանի նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը:
Ռոուհանին նաեւ ընդգծել է, որ «տարածշրջանի եւ աշխարհի բոլոր պատասխանատու կառավարությունները պարտավոր են պայքարել ահաբեկչության եւ ահաբեկչական խմբերի դեմ»: «Ցավոք, առանձին պետություններ մինչ այժմ շարունակում են նավթ գնել ԻՊ-ից եւ զինել ահաբեկիչներին, չնայած նրանց դեմ մղվող կատաղի պայքարին»,- հավելել է նա: Միաժամանակ Իրանի ղեկավարը Իրաքի ներքին հիմնախնդիրների լուծման հույս է հայտնել եւ հավելել, որ Թեհրանը ձգտում է բարելավել համակողմանի կապերը Բաղդադի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



