ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարարին
ECONOMICSՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ապրիլի 20-ին ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ պետնախարար Կունի առաջին այցը Հայաստան հնարավորություն կտա երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի:
Ներկայացնելով Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, Արծվիկ Մինասյանը նշել է, որ որպես փոքր երկրի` Հայաստանին հետաքրքրում է տնտեսության զարգացման սինգապուրյան մոդելը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, ավիացիոն և մի շարք այլ ոլորտների: Ինովացիոն ոլորտում ներկայացվել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության նախարարությանը կից գործող «Ստանդարտների, արտադրողականության և ինովացիայի հանձնաժողով» գործակալության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի միջև համագործակցությանը հնարավորությունը: Ներդրումային ոլորտում առաջարկվել է անհրաժեշտության դեպքում վերանայել երկու երկրների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը: Երկու առաջարկներն էլ Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարարը ողջունելի է համարել, նշելով, որ կա ներուժ առևտրային և ներդրումային հարաբերությունների աճի համար: Մտքեր են փոխանակվել մաքսային ընթացակարգերի, ԵԱՏՄ, եվրոպական և իրանական շուկաներ Հայաստանի միջոցով սինգապուրյան ապրանքների, ինչպես նաև Սինգապուրի միջոցով հայկական ապրանքատեսակների` ասիական շուկաներ արտահանման հնարավորությունների մասին: Կարևորվել են գործարարների փոխայցելությունները:
Հանդիպման ավարտին Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հրավիրել է այցելել Սինգապուր, ինչը նաև կտա քննարկված հարցերի շուրջ կոնկրետ համաձայնագրերի ստորագրման հնարավորություն: