Կիեւում տեղի Է ունեցել Համաուկրաինական համաժողով՝ նվիրված Հայերի ցեղասպանության 101-րդ տարելիցին
INTERNATIONAL NEWSԿիեւում ապրիլի 20-ին տեղի Է ունեցել Համաուկրաինական համաժողով՝ նվիրված Հայերի ցեղասպանության 101-րդ տարելիցին: Այն կազմակերպել Էին Ուկրաինայի հայերի միությունը եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով AnalitikaUA.net-ին, համաժողովին մասնակցել են հայտնի գիտնականներ, փորձագետներ՝ Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններից, ժողովրդական պատգամավորներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի ակտիվիստներ, հոգեւորականության եւ ազգային-մշակութային ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի բացումից առաջ բոլոր ներկաները հնարավորություն ունեին այցելել ցուցահանդես եւ դիտել հայերի ցեղասպանությանը նվիրված փաստագրական ֆիլմ:
Միջոցառմանը ելույթ են ունեցել ՈՒկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի ղեկավար Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը:
Համաժողովում զեկուցումներով հանդես են եկել Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անտոն Կիսսեն, հայտնի գործիչներ Միխայիլ Տովտը, Աշոտ Ավանեսյանը, Գեորգի Հասանովը, փորձագետներ Նատալյա Լատիգինան, Վերոնիկա Խուդոլեյը, ինչպես նաեւ գիտնականներ Ստանիսլավ Կուլչիցկին, Լարիսա Սկորիկը, Սերգեյ Գալչակը, Վիկտոր Գուսեւը, Իրինա Գայուկը, Կարինա Պիվովարսկայան, Ելենա Հովհաննիսյանը, Վլադիսլավ Բազիլեւսկին, Դավիթ Դավթյանը եւ Սերգեյ Բերեզինը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Ուկրաինայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միցառումները: Ուկրաինայի հայերի միության կողմից ստեղծված հատուկ կոմիտեի ծրագրերի համաձայն՝ հանրապետությունում անցկացվում են խորհրդաժողովներ, համաժողովներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ եւ շատ այլ միջոցառումներ: Նաեւ բազմաթիվ քաղաքների փողոցներում զետեղված են ցուցապաստառներ, բիլբրոդներ եւ սիթիլայթեր:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով հայերի ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացնելու համար ստեղծվել Է հիշատակի եւ թեմատիկ միջոցառումների անցկացման հատուկ կոմիտե, որի կազմում փորձագետներ ու ակտիվիստներ են ընդգրկվել հանրապետության տարբեր տարածաշրջաններից:



