Տարեսկզբին կրկնակի ավելացել է պետբյուջեի դեֆիցիտը
ECONOMICSԱզգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016թ. հունվար-փետրվար ամիսների ՀՀ պետական բյուջեի ցուցանիշները ֆինանսավորման նախորդ տարվա նույն ժամանակահատվածից չնչին կերպով են տարբերվում:
Այսպես, 2015թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի եկամուտը կազմել է 158 միլիարդ 838 միլիոն 200 հազար դրամ, իսկ արդեն այս տարի՝ 155 միլիարդ 565 միլիոն 900 հազար դրամ: Եթե պետական եկամուտներն այս տարեսկզբին նվազել են, ապա դրան հակառակ մի փոքր ավելացել են ծախսերը՝ նախորդ տարվա սկզբին այն կազմել է 164 միլիարդ 430 միլիոն դրամ, իսկ այս տարվա հունվար-փետրվարին՝ 169 միլիարդ 607 միլիոն 700 հազար դրամ:
Ըստ կայքում տեղադրված աղյուսակի՝ պետական բյուջեի դեֆիցիտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կրկնակի անգամ ավելացել է: Մասնավորապես, 2015թ. հունվար-փետրվարին կազմել է հինգ միլիարդ 591 միլիոն 80 հազար դրամ, իսկ 2016-ին արդեն՝ 14 միլիարդ 41 միլիոն 800 հազար դրամ:
Այս նույն աղյուսակից տեսնում ենք նաեւ, որ պետբյուջեի ծախսերն 2015 եւ 2016թթ. վերոնշյալ ժամանակահատվածի համար ըստ ֆինանսավորվող խմբերի հետեւյալ պատկերն ունեն:
Այսպես, հանրային ծառայություններին 2015-ի հունվար-փետրվար ամիսների համար տրամադրվել է 31 միլիարդ 247 միլիոն 800 հազար դրամ, իսկ 2016թ. տարեսկզբին՝ 33 միլիարդ 630 միլիոն 900 հազար դրամ: Պաշտպանության համար նախատեսված ծախսերի համար տրամադրվելիք գումարը նախորդ տարվա համեմատ նույնպես փոքր-ինչ ավելի է եղել, քան նախորդ տարվանը՝ 151 միլիոն 300 հազար դրամ ավելի: Այն կազմել է 24 միլիարդ 44 միլիոն 800 հազար դրամ:
Շրջակա միջավայրի պաշտպանության ծախսերն են կրճատվել՝ նախորդ տարվա 664 միլիոն 600 հազար դրամը դարձել է 592 միլիոն 400 հազար դրամ:
Այս տարի ավելի քիչ գումար են հատկացրել նաեւ հանգստի, մշակույթի եւ կրոնական ծախսերին: Եթե 2015թ. հունվար-փետրվար ամիսներին այն կազմել է 3 միլիարդ 398 միլիոն 400 հազար դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածի համար արդեն՝ 2 միլիարդ 818 միլիոն դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան