160-ից ավելի երկրներ ՄԱԿ-ում կստորագրեն կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի անդամ պետությունները ապրիլի 22-ին կստորագրեն կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը: Փաստաթուղթը, որը հավակնոտ խնդիր է դնում համաշխարհային հանրակցության առջեւ՝ մինչեւ 2100 թվականը կանխել մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մթնոլորտի միջին ջերմաստիճանի՝ ըստ Ցելսիուսի 2 աստիճանով բարձրացումը, կոչված է փոխարինելու Կիո տոյի արձանագրությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիվանատանը, համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն 168 երկրներ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ ու դեսպաններ: Սպասվում է Արգենտինայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի եւ Չիլիի նախագահների, Իտալիայի, Կանադայի եւ Լեհաստանի վարչապետների, Բելառուսի, Գերմանիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի, Մեքսիկայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Հարավաֆրիկյան Հանրապետության նախարարների մասնակցությունը:
ՄԱԿ-ում ակնկալում են, որ Փարիզի համաձայնագիրը ռեկորդ կսահմանի ստորագրման մեկնարկի օրը ստորագրությունների թվաքանակով:
Հանդիսավոր արարողությունը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 16:30-ին եւ կներառի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լյուկետոֆտի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաեւ պետությունների տարածաշրջանային խմբերի ներկայացուցիչների ելույթները: Նաեւ սպասվում է ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոյի ելույթը, որը ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ է կլիմայի փոփոխման հարցերով:
Լուսանկարը` AP



