Ազատ ոճային ըմբիշները ևս մեկնում են Մոնղոլիա
SPORTՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ապրիլի 22-ին մեկնում է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր` մասնակցելու արդեն իսկ մեկնարկած Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, հայտնում է, որ Հայաստանը ներկայացնող ազատ ոճային ըմբիշներն են Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ):
Ազատ ոճայինների թիմը համալրած Կետոևը Բաքվում կայացած 2007 թ. աշխարհի առաջնության հաղթող է, 2007 և 2008 թթ. 84 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2009 թ. Եվրոպայի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն` ներկայանալով արդեն 96 կգ քաշային կարգում: Թբիլիսիում ծնված մարզիկը Պեկինի օլիմպիական խաղերում ներկայացրել է Ռուսաստանը և նվաճել բրոնզե մեդալ: Մարզական կարիերայի ընթացքում նա ներկայացել է երկու` 84 կգ և 97 կգ քաշային կարգերում:
Կետոևը Հայաստանի հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում հայտնվել էր դեռևս 2015 թ. ամռանը: Միայն վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել ու այսուհետ ներկայացնելու է մեր երկիրը, իսկ մինչ այդ 30-ամյա մարզիկը ներկայացրել է Ռուսաստանը: Կետոևի եղբայրը` Լերին, ևս ազատ ոճային ըմբիշ է, Վրաստանի հավաքականի անդամ է:
Հարկ է նշել, որ Մոնղոլիայում անցկացվող մրցաշարին նախապես հաստատվել էր նաև 57 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Գարիկ Բարսեղյանի մասնակցությունը, սակայն «Արմենպրես»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում որոշում է կայացվել Ուլան Բատոր մեկնել առանց այդ քաշային կարգի ներկայացուցչի: Նախապես որոշվել էր նաև, որ 65 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Բաղդասարյանը, իսկ 97 կգ քաշային կարգում` Էդգար Ենթոքյանը, սակայն ոչ Արթուրը, ոչ էլ Էդգարը չեն մեկնելու Մոնղոլիա: Նրանց փոխարինելու են Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը:
Մոնղոլիայի մայրաքաղաքում Օլիմպիական վարկանիշային մրցաշարը մեկնարկելու է ապրիլի 22-ին: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից օլիմպիական ուղեգրեր են նվաճել Գառնիկ Մնացականյանն (57 կգ) ու Լևան Բերիանիձեն (125 կգ):