Ադրբեջանի նավթի հիմնադրամը ոսկու էժանացումից 103,2 մլն դոլար է կորցրել
ECONOMICSԱդրբեջանի նավթի հիմնադրամը, որն իր կուտակումների մի մասը պահում է ոսկով, այդ թանկարժեք մետաղի էժանանալու հետեւանքով 103,2 մլն դոլար է կորցրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հենվելով Նավթի հիմնադրամի ոսկու պաշարների վերլուծության վրա:
Ըստ այդ հետազոտության` 2004 թվականին Նավթի հիմնադրամը 30 տ ոսկի է հավաքել: Դա նրա ակտիվների 5 տոկոսն էր: 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հիմնադրամի ակտիվները, նախորդ տարվա համեմատ 3,56 տոկոսով նվազելով, կազմել է 35,78 մլրդ դոլար:
2011 թվականին Նավթի հիմնադրամում ոսկու պաշար ստեղծելու ժամանակ Ադրբեջանի կառավարությունը համոզմունք էր հայտնել, որ ոսկու գինը նշանակություն չունի եւ իրենց նպատակը ոսկու ռազմավարական պահուստ ստեղծելն է:
2014 թվականի մարտին Հիմնադրամի գործադիր տնօրեն Շահմար Մովսումովը հայտնել է, որ ոսկու մեկ ունցիան (31.1034768 գրամ) գնվել է 1200 դոլարով: Նշանակում է` Հիմնադրամը ոսկու պահուստի վրա 1 157 462 875 դոլար է ծախսել: Հուլիսի 28-ին ոսկու մեկ ունցիան Forex-ում արժեցել է 1093 դոլար: Այսօրվա գնով ոսկու պահուստը 8,91 տոկոսով կամ 103,2 մլն դոլարով էժանացել եւ կազմել է 1 054 222 983 դոլար:
RBK-ն հայտնել է, որ վերջին երեք տարում ոսկով ներդրում կատարված կապիտալը կորցրել է իր 40 տոկոսը: 2012 թվականի հոկտեմբերից ոսկին 1970 դոլարից էժանացել է 1098 դոլարի: 2015 թվականի սկսզբին կորուստները եղել են 7,7 տոկոս: Ռուսաստանի Դաշնության ոսկի արդյունաբերողների միության ղեկավար Կաշուբինի խոսքով` ոսկու վերջին էժանացումը կապված է ԱՄՆ-ի ՖՐՍ աստիճանի նվազման եւ Չինաստանի կողմից նվազ քանակի ոսկի գնելու հետ:
Վերլուծաբանների կանխատեսումներով` ոսկու էժանացումը շարունակվելու է: Ըստ նրանց` ընթացիկ տարվա վերջին ոսկին 1000 դոլարից էլ էժան կլինի եւ նույնիսկ, կարող է նրա մեկ ունցիան արժենալ 800 դոլար: