Արոնյանը կրկին ոչ-ոքի է խաղացել
SPORTՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած «Norway Chess» շախմատի գերմրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափել է Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ: Արդեն 49-րդ քայլում երկու կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի շուրջ:
Սա հայ շախմատիստի արդեն 4-րդ անընդմեջ ոչ-ոքին է Նորվեգիայում: Նախորդ երեք տուրերում նա ոչ-ոքի էր ավարտել պարտիան բուլղարացի Վեսելին Տոպալովի, Նիլս Գրանդելիուսի և չինացի Լի Չաոյի հետ: Ներկայում Արոնյանը վաստակել է ընդամենը 2 միավոր:
Ստավանգերի մրցաշարի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Սեփական պատերը շարունակում են օգնել Կարլսենին, ով 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել չինացի Լի Չաոյի հետ և արդեն 3 միավոր ունի:
Ապրիլի 23-ին կայանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշեր-Լագրավը, ով 4-րդ տուրում մրցում է Վլադիմիր Կրամնիկի դեմ: Այդ պարտիան դեռ չի ավարտվել: