Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ
SPORTԳերմանական «Բունդեսլիգա»-ի ընթացիկ առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով առավելության է հասել «Շտուտգարտ»-ի նկատմամբ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ խփված գնդակներում իր դերակատարումն է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով նախ գոլայ ին փոխանցում է կատարել, ապա դարձել է գոլի հեղինակ:
Առաջին խաղակեսում Թոմաս Տուխելի սաներին Հենրիխ Մխիթարյանի և Շինձի Կագավայի արդյունավետ համագործակցության արդյունքում հաջողվել է առաջ անցնել հաշվի մեջ: Իր հաշվին գոլ է գրանցել ճապոնացի ֆուտբոլիստը: Մինչև առաջին խաղակեսի ավարտ գոլ է հեղինակել նաև ընդամենը 17-ամյա Քրիստիան Պուլիշիչը՝ «Բորուսիա»-ի առավելությունն ավելի վստահելի դարձնելով:
Երկրորդ խաղակեսում «Բորուսիա»-ն իր առավելությունն ավելի է մեծացրել շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականի ավագի խփած գնդակի: Հենրիխ Մխիթարյանն իր գոլերի քանակը «Բունդեսլիգա»-ում հասցրել է 11-ի:
Հաղթանակից հետո «Բորուսիա»-ն անհասանելի է դարձել 3-րդ տեղում ընթացող «Բայեր»-ի համար: «Բունդեսլիգա»-ի առաջատար «Բավարիա»-ից մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ «Բորուսիա»-ն 7 միավոր պակաս ունի, այսինքն՝ արդեն իս հաջորդ տուրում «Բավարիա»-ն կարող է պաշտոնապես չեմպիոնական տիտղոս նվաճել: