Գեորգի Կետոևը Օլիմպիական ուղեգիր է նվաճել Հայաստանի համար
SPORTՄոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում դեռևս օրեր առաջ մեկնարկած ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի համար օլիմպիական ուղեգիր է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նոր համալրած Գեորգի Կետոևը:
97 կգ քաշային կարգում ազատ ոճային ըմբիշ Կետոևը դուրս է եկել Ուլան Բատորի մրցաշարի եզրափակիչ՝ ձեռք բերելով օլիմպիական ուղեգիր:
Մինչև եզրափակիչ հասնելը Հայաստանի ըմբշամարտի հավաքականի նորեկը մեկը մյուսի հետևից հաղթել է մրցակիցներին՝ առանց հաշվի առնելու, թե ովքեր են իր մրցակիցները՝ շվեյցարացի, ռումինացի, թե մոլդովացի:
Հայաստանի՝ Մոնղոլիայի մրցաշարին մասնակցող մյուս ազատ ոճային ներկայացուցիչներից Օլիմպիական ուղեգրի համար պայքարը շարունակում են 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 86 կգ քաշային Շամիր Աթյանը: Սաֆարյանը մրցաշարի 1/8 եզրափակչում պարտվել է վրացի Զուրաբ Յակոբաշվիլուն, վրացին հասել է եզրափակիչ: Եվ սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է Ֆրանսիան ներկայացնող մրցակցին ու բրոնզե մեդալի համար կպայքարի բուլղարացի ըմբիշի դեմ: Հաղթանակի դեպքում Սաֆարյանը իրավունք կստանա գոտեմարտել նաև Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
Ինչ վերաբերում է Աթյանին, ապա ըմբիշը որակավորման փուլում պարտվել էր ամերիկացի մրցակցին, ով հաջողությամբ հասել է եզրափակիչ: Այժմ 86 կգ քաշային ըմբիշը պետք է հանդես գա սփոփիչ գոտեմարտերում:
Ավելի վաղ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, մրցաշարի մեկնարկում տոնելով երկու հաղթանակ, դուրս էր եկել 1/4 եզրափակիչ փուլ, սակայն այդտեղ պարտվել է հունգարացի ըմբիշին, ով չի կարողացել հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը՝ Գրիգորյանին դուրս թողնելով սփոփիչ մենամարտերում պայքարելուց: