Ինչո՞ւ Մոսկվայում զինադադարի պայմանավորվածությանը չի մասնակցել ԼՂՀ-ն. պարզաբանում է նախարարը
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է, թե ինչու Հայաստանը քայլեր չի ձեռնարկել, որ մարտական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությանն ապրիլի 5-ին Մոսկվայում մասնակցեր ղարաբաղյան կողմը:
«Լեռնային Ղարաբաղը ներգրավված է որպես կողմ, եւ կարծում եմ՝ 1994թ. հրադադարի մասին ստորագրված պայմանագիրը այսօր էլ գործում է: Պարզապես այն, ինչ ձեռք է բերվել մարտական գործողությունները կանգնեցնելու համար, ձեռք է բերվել համապատասխան միջնորդությամբ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը»,- այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ ապրիլի 5-ին մարտական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը:
Պայմանավորվածության նախաձեռնողը եղել է ադրբեջանական կողմը, որը համապատասխան միջնորդությամբ դիմել էր Ռուսաստանի իշխանություններին:



