Իրանի ՊՆ ղեկավարը այցելել է Մոսկվա
INTERNATIONAL NEWSԻրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար Հոսեյն Դեհղանը Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հրավերով բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ այսօր ժամանել է Մոսկվա` մասնակցելու միջազգային անվտանգության գծով ամենամյա միջազգային համաժողովին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ParsTodey լրատվական գործակալությունը` նշելով, որ Դեհղանը նաեւ երկկողմանի հանդիպումներ կանցկացնի մոսկովյան համաժողովի մի շարք մասնակիցների հետ եւ կքննարկի պաշտպանական համագործակցության զարգացման հարցեր:
Հինգշաբթի եւ ուրբաթ Մոսկվայում անցկացվելիք Միջազգային անվտանգության գծով 5-րդ միջազգային համաժողովի գլխավոր թեման հանդիսանում է ահաբեկչության դեմ պայքարը:
Համաժողովին կմասնակցի 500 մարդ, որոնց թվում աշխարհի տարբեր երկրների պաշտպանության 17 նախարարներ, 14 փոխնախարարներ, ԶՈւ ԳՇ ղեկավարներ եւ ռազմական փորձագետներ:
Դրան զուգահեռ համաժողովում կքննարկվեն Ասիա-Խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության, Եվրոպայում պատերազմի եւ խաղաղության խնդիրների, գլոբալ անվտանգության եւ ռազմական համագործակցության հետ կապված հարցեր:
Տվյալ միջազգային համաժողովում Իրանի մասնակցությունը Ռուսաստանում ուշադրություն է գրավում այն իմաստով, որ երկու երկրները հակաահաբեկչական ռազմավարություն են որդեգրել եւ կարողացել են դադարեցնել ահաբեկչության առաջխաղացումը Մերձավոր Արեւելքում:



