Բաթումում Ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ է անցկացվել
INTERNATIONAL NEWSԲաթումում ապրիլի 23-24-ին տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 23-ին Բաթումի Ա. Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում բաթումահայ մանուկների համար անցկացվեց Հայոց ցեղասպանության թեմային նվիրված սեմինար, որին մասնակցել է նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ապրիլի 24-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո, եկեղեցու բակում տեղակայված` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ սրբադասված նահատակների բարեխոսության կարգը:
Արարողության ավարտին ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, աջարահայ համայնքի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, ինչպես նաև համայնքային ակտիվիստներներ, մշակութային ոլորտի գործիչներ:
ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը գլխավոր հյուպատոսության շնորհակալագրեր հանձնեց աջարահայ հոգևոր համայնքի ղեկավար Արարատ քահանա Գումբալյանին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համավրացական հանձնաժողովում աջարահայության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանին՝ 100-րդ տարելիցին միջոցառումների կազմակերպման հարցում ունեցած ավանդի համար:
Եկեղեցու բակում կազմակերպվեց էր նաև 101-ամյա վաղեմության դեպքերը պատկերող լուսանկարների ցուցահանդես:



