Պատերազմում որեւէ հաջողություն չգրանցած Ալիեւը չի կարող 97 տոկոս վարկանիշ ունենալ. «Մուսավաթի» կուսակցապետ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական իշխանամետ «Ռեյ» (Կարծիք) հասարակական հարցումների կենտրոնը «Եթե առաջիկա կիրակի Ադրբեջանում նախագահական ընտրություններ անցկացվեին, ու՞մ կընտրեիք» հարցադրմամբ օրերս 800 մարդկանց շրջանում հարցում է անցկացրել, որի արդյունքներով, իբր, հարցվածների 92,8 տոկոսը հայտնել են, որ իրենց ձայնը կտաին Իլհամ Ալիեւի օգտին, իսկ 97 տոկոսն էլ վստահություն է հայտնել նրան:
Այդ առնչությամբ Meydan TV-ի հետ զրույցում Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլըն հայտարարել է, որ այդ հարցումը լուրջ չի համարում, եւ պատերազմում որեւէ հաջողություն չգրանցած Ալիեւը չի կարող 97 տոկոս վարկանիշ ունենալ:
«Ընդհանրապես, անհնարին է, որ որեւէ առաջնորդի քաղաքական վարկանիշն, այն էլ` քաղաքական-ռազմական պայմաններում լինի 97 տոկոս: Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ ունեցած Ուինսթոն Չերչիլը պարտվեց պատերազմից հետո ընտրություններում: Գերմանիայի միավորումն ապահոված Հելմուտ Քոլը եւս այդ իրադարձությունից որոշ ժամանակ հետո պարտվեց ընտրություններում: Այդ պատճառով էլ անհնարին է, որ պատերազմում որեւէ նշանակություն չունեցած գործողության համար քաղաքական գործչի վարկանիշը լինի 97 տոկոս», -ասել է նա:
Արիֆ Հաջըլըն գտնում է, որ նորմալ դեմոկրատական հասարակություններում ընդդիմության եւ իշխանության միջեւ վարկանիշի տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը:
«Այդ պատճառով կենտրոնի հարցումը լուրջ չեմ համարում: Ցավալի է, որ Ադրբեջանի հասարակությանը նման արդյունք են վերագրում», -հավելել է նա:
Հարցին Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի արձագանքը շատ կարճ է եղել:
«Նման հարցումներն, ընդհանրապես, պետք չէ լուրջ համարել: Բնական է, որ դրանք կառավարության պրոպագանդայի համար ուռճացված արդյունքներով հարցումներ են», -ասել է նա:
Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Հիքմեթ Հաջիզադեն էլ հայտարարել է, որ հարցումներ անցկացնող կենտրոնների օգտագործած ստանդարտ մեթոդները Ադրբեջանի համար կիրառելի չեն:
«Բնակչությունը շարունակաբար վախի եւ ճնշման տակ գտնվելու պատճառով չի կարող ազատ կերպով արտահայտել իր կամքը: Այդ պատճառով էլ կասկածանքով եմ մոտենում տարվող նման հարցումների արդյունքներին», -ասել է նա:
Meydan TV-ի կայքի` Բահրուզ Իբրահիմով անունով օգտատերն էլ զարմանք է հայտնել, որ 800 հոգու մեջ անցկացված հարցման արդյունքները ներկայացնում են որպես 9 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի կարծիք:



