Լիլիթ Պողոսյանը պարտվեց Եվրոպայի բադմինթոնի առաջնության 1/32 եզրափակիչ փուլում
SPORTՖրանսիայում ապրիլի 26-ից մեկնարկած Եվրոպայի բադմինթոնի առաջությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը ցավալիորեն դուրս է մնացել մրցաշարից: 20-ամյակը վերջերս նշած Պողոսյանը մրցաշարի 1/32 եզրափակիչ փուլում պարտվել է Լատվիայի ներկայացուցիչ Կրիստին Սեֆերեին:
«Լիլիթը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Ֆրանսիայում, և իսկապես ցավալի է, որ նա այսքան շուտ դուրս մնաց մրցաշարից: Հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն կար, քանի որ մրցակիցը շատ ուժեղ չէր: Կարելի է ասել հավասար մրցակցային դիմակայություն էր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի միակ ներկայացուցչի մարզիչը՝ Հրաչ Պողոսյանը, ով նաև մարզուհու հայր է:
Լիլիթ Պողոսյանը բավականին հաջող էր սկսել մենախաղը: Առաջին սեթում նրան հաջողվել էր 21:17 հաշվով հաղթանակի հասնել, սակայն հետագա երկու սեթերում լատվիացի մարզուհին ավելի ամուր է գտնվել ֆիզիկապես և հաղթել է համապատասխանաբար 21:13 և 21:14 հաշիվներով:
«Կարծում եմ՝ Լիլիթը հոգեբանական որոշակի խնդիր է ունեցել: Նա բավականին շտապել է՝ մրցակցին ավելի վաղ հաղթած համարելով: Առաջին սեթի հաջողությունը որոշակիորեն խթանել է դրան: Գիտեմ, որ ֆիզիկական առումով էլ Լիլիթը պետք է բարելավի խաղը: Տեխնիկական պատրաստվածության առումով նրա մոտ շատ խնդիրներ չկան, սակայն ֆիզիկականի տեսանկյունից դեռ պետք է աշխատենք»,- ասաց Եվրոպայի բադմինթոնի առաջնության հայ մասնակցի մարզիչը՝ հավելելով, որ մինչև Ֆրանսիայում մրցաշարի մեկնարկը Պողոսյանը մի քանի պարապմունքների և ստուգողական խաղերի մասնակցել Փարիզի թիմերից մեկում:
Վերջին տարիներին բավականին առաջադիմած Լիլիթ Պողոսյանը, ով BWF-ի դասակարգման ցուցակում զբաղեցնում է 581-րդ տեղը մենախաղում, իսկ կանանց զուգախաղում՝ 584-րդ տեղը, ամենայն հավանականությամբ կմասնակցի սեպտեմբերին կայանալիք Բուլղարիայի խոշոր մրցաշարին: Մարզուհու մասնակցությունը այդ միջազգային մրցաշարին կարող է նաև չկայանալ. հիմնական պատճառը ֆինանսական ծախսերը և հովանավորների բացակայությունը կլինի այդօրինակ զարգացման պարագայում: