Հայաստանի լողի առաջնության ընթացքում թարմացվեց երկրի ռեկորդներից մեկը
SPORTՀայաստանի մեծահասակների լողի առաջնությունում ապրիլի 29-ին՝ 2-րդ մրցումային օրը, լավագույն լողորդների պայքարում որոշվեցին մեր երկրի չեմպիոնները: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ 50 մետր բրաս լողաոճում տղաների պայքարում հաղթել է Վանիկ Բարսեղյանը, իսկ աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոն է դարձել Տաթևիկ Բաղդասարյանը:
50 մետր թիկնալողում տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց տվեց Արթուր Անտոնյանը: Նույն լողաոճում աղջիկների պայքարում հաղթող ճանաչվեց Անի Պողոսյանը:
100 մետր դելֆին լողաոճում աղջիկների պայքարում լավագույնը դարձավ Ջուլիետա Գևորգյանը: Նույն լողաոճում Հայաստանի նոր ռեկորդ սահմանվեց: 1982 թ. Կարեն Սիրեկանյանի գրանցած ռեկորդը, որն էր 59.90 վրկ արդյունքը, գերազանցեց Գարիկ Բարսեղյանը: Հայաստանի չեմպիոնը ցույց տվեց 59.64 վրկ արդյունք:
Երկար՝ 200 մետր ազատ ոճում աղջիկների պայքարում հաղթեց Անի Պողոսյանը, իսկ տղաների պայքարում լավագույնը Վլադիմիր Մամիկոնյանն էր: 200 մետր համալիր լողում էլ տղաների պայքարում հաղթող դարձավ Լևոն Խաչատրյանը, իսկ աղջիկների պայքարում լավագույն արդյունքը ցույց տվեց Ջուլիետա Գևորգյանը:
Ապրիլի 30-ին Հայաստանի մեծահասակների լողի առաջնության շրջանակում թիմային մրցումներ են կայանալու՝ եզրափակելով մրցումային վերջին օրը: