Ֆրանսիայում 70-ից ավելի ոստիկաններ են տուժել բողոքի ակցիաների ընթացքում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտնել Է, որ ապրիլի 29-ին Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ ցույցերի ընթացքում 78 ոստիկաններ են վիրավորվել, կալանավորվել Է 214 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
Ավելի վաղ նշվել Էր, որ վերքեր են ստացել 24 ոստիկանիներ, ձերբակալված Է 124 մարդ:
«Երեկ (ապրիլի 28-ին) վիրավորվել Է 78 ոստիկան, որոնցից ոմանք ծանր վերքեր են ստացել Փարիզում»,-ասել Է Կազնյովը: Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների ընթացքում կալանավորվել Է 214 մարդ, ցույցերի մի քանի մասնակիցներ վերքեր են ստացել:
Զանգվածային ցույցերի ընթացքում անկարգությունների նոր ալիքը նախօրյակին ընդգրկել Է Ֆրանսիայի խոշոր քաղաքները՝ Փարիզը, Մարսելը, Նանտը, Հավրը եւ ուրիշներ: Իշխանությունների տվյալներով՝ բողոքի ակցիաներին 170 հազար մարդ Է մասնակցել: CGT ֆրանսիական արհմիության գնահատմամբ՝ փողոց են դուրս եկել 500 հազար քաղաքացիներ:
Վերջին շաբաթներին աշխատանքային օրենսդրության վերանայման դեմ ելույթներ են տեղի ունենում պարբերաբար, փողոցներ դուրս եկած քաղաքացիները հանդես են գալիս օրենսդրության փոփոխությունների դեմ, որոնք, նրանց կարծիքով, ճանապարհ են բացում աշխատանքային օրվա տեւողության երկարացման համար: Արտահայտելով իրենց բողոքը՝ ցուցարարները ջարդում են ցուցափեղկեր, հրկիզում ավտոմեքենաներ եւ գրոհում ոստիկանության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



