Առողջական ծանր վիճակում գտնվող կալանավորը խոշտանգումների է ենթարկվել
SOCIETY«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն դիմել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին եւ օմբուդսմեն Արման Թաթոյանին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորի առողջական վիճակի բարդացման վերաբերյալ:
Մասնավորապես, Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գեւորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, հայտնել է, որ իր որդին ՔԿՀ-ում հայտնվելու պահից ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ, ինչպիսիք են սուր խրոնիկ բրոնխիտը, հեպատիտ C-ն ու Պարկինսոնի հիվանդությունը: Մոր խոսքով՝ որդին ՔԿՀ-ում չի ստացել բավարար բուժում, ինչի արդյունքում նրա վիճակը ներկայում ծայրահեղ ծանր է: «Նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, խոսել, առանց կողմնակի օգնության օգտվել պետքարանից»,- նշել է կալանավորի մայրը:
Կազմակերպության փոխանցմամբ՝ Հրաչյա Գեւորգյանը, ի նշան բողոքի, հացադուլ էր հայտարարել: Հացադուլի մասին տեղեկացրել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին եւ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ու մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասրարակական դիտորդական խմբին: «Խմբերի այցելության պահին նրա մոտից այլ խուց են տեղափոխել իրեն աջակցող մեկ այլ կալանավորի, ինչի արդյունքում Գեւորգյանը մնացել է անօգնական վիճակում»,- հայտնեցին մեզ: Հիշեցնենք, որ Հրաչյա Գեւորգյանը կալանավորվել է 2011թ.:
Առաջին ատյանի դատարանում դատավարությունը տեւել է շուրջ չորս տարի երեք ամիս, իսկ Վերաքննիչ դատարանում՝ 2016թ. փետրվարի 1-ից առ այսօր նիստերը հետաձգվում են Գեւորգյանի առողջական վիճակի պատճառով: Հելսինկյան ասոցիացիան վերջինիս նկատմամբ վերաբերմունքը գնահատում է որպես խոշտանգում, արժանապատվության նվաստացում եւ անմարդկային վերաբերմունք: Վերոնշյալ անձանց դիմելով՝ նրանք հույս ունեն, որ վերջիններս իրենց իրավասության շրջանակներում միջոցներ կձեռնարկեն թվարկված բացասական վերաբերմունքը դադարեցնելու համար:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



