Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել և սպասում է Կարլսենի արդյունքին
SPORTՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norwey Chess» գերմրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել հնդիկ Հարիկրիշնայի դեմ պարտիան: Այս պահին Արոնյանն ունի 5.5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Արոնյանից 0.5 միավոր պակաս ունի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով 9-րդ տուրում մրցում է ուկրաինացի Պավել Էլյանովի դեմ: Եթե այդ պարտիայում նորվեգացին հաղթեց, ապա միանձնյա կգլխավոր մրցաշարային աղյուսակը՝ նվաճելով գերմրցաշարի հաղթողի կոչումը:
Կարլսեն-Էլյանով պարտիայի ոչ-ոքի արդյունքի դեպքում բավականին հետաքրքիր իրավիճակ կստեղծվի: Եթե աշխարհի նախկին չեմպիոններ Վեսելին Տոպալով-Վլադիմիր Կրամնիկ պարտիայում ինչ-որ մեկը հաղթի, կամ հաղթանակ տոնի Մաքսիմ Վաշյեր-Լագրավը, ապա թե Արոնյանը, թե Կարլսենը, թե Տոպալով-Կրամնիկ զույգի հաղթողը և թե Վաշյեր-Լագրավը կունենան 5.5 միավոր: Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ այդ պարագայում ապրիլի 30-ին ևս մեկ տուր տեղի կունենա:
Այնուամենայնիվ, եթե Արոնյանի հետ մրցակիցներից միայն մեկը հավասար միավորներ ունենա, ապա ապրիլի 29-ին՝ 9-րդ տուրից հետո, տեղի կունենա արագ շախմատի բլից պարտիա: Այժմ Արոնյանի բոլոր ծրագրերը կարող է փչացնել միայն աշխարհի չեմպիոնը: