Պետք է ոչ թե վերադարձնել փողերը, այլ անհրաժեշտ է վերադարձնել պետությունը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով.«168 ժամ»
ECONOMICSՆերկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա Հայաստանի ամենամեծ խնդիրն է, թեև մինչ այդ էլ փողի խնդիրն արդիական էր։ Բայց մի բան է փողի խնդիրը խաղաղ պայմաններում, և բոլորովին այլ՝ պատերազմի ժամանակ։ Որովհետև եթե խաղաղ պայմաններում փողի խնդիրը չբացված աշխատատեղն ու չվճարված աշխատավարձն է, ապա պատերազմի ժամանակ փողի խնդիրը փամփուշտի, տանկի ու ծանր սպառազինության բացակայությունն է։ Բայց Հայաստանում «փողի խնդիրն» առանձնահատուկ է նրանով, որ փող չկա փողի, շատ փողի առկայության պայմաններում։ Չկա պետական հանրային փող, որովհետև փողի մյուս տեսակը, որ կա ու որը շատ է, հանրային չէ, ավելին՝ գոյացել է հանրայինի ու պետականի հաշվին։
Այդ մասին գիտեն բոլորը, այդ մասին խոսում են բոլորը, այդ մասին, վերջին հաշվով, սևով սպիտակի վրա գրված է պետական բարձրաստիճան ու ցածրաստիճան պաշտոնյաների պաշտոնական հայտարարագրերում, որոնք իրականում ոչ թե սովորական փաստաթղթեր են, այլ իրեղեն ապացույցներ այն մասին, որ Հայաստանում կա փողի խնդիր՝ փողի չափազանց մեծ քանակության առկայության պարագայում։ Դրանք ոչ թե այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի հայտարարագրեր են, այլ հայտարարագրեր են պետության բացակայության մասին։ Իրականում պետք է ոչ թե վերադարձնել փողերը, ինչպես այսօր պահանջում են շատերը, այլ անհրաժեշտ է վերադարձնել պետությունը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։