Մխիթարյանի գոլային փոխանցումներով «Բորուսիա»-ն ջախջախեց «Վոլֆսբուրգ»-ին
SPORTԳերմանական «Բունդեսլիգա»-ի 32-րդ տուրի շրջանակներում Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ՝ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում 5-1 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգ»-ին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինա կ՝ ավելացնելով իր արդյունավետ գործողությունները:
Առաջին խաղակեսում «Բորուսիա»-ն արդեն վճռել է հանդիպման ելքը: Նախ 7-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումից գնդակ հեղինակեց Սինջի Կագավան, ապա ճապոնացու օգնությամբ հանդիպման 9-րդ րոպեին աչքի ընդավ Անդրիան Ռամոսը:
Երկրորդ խաղակեսում Ռամոսի փոխանցմամբ գոլ հեղինակեց «Բորուսիա»-ի գերմանացի աստղը՝ Մարկո Ռոյսը՝ «Բունդեսլիգա»-ում իր 11-րդ գոլը հեղինակելով: Ավելի ուշ խաղադաշտ դուրս եկավ «Բորուսիա»-ի հարձակման առաջատար Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Գաբոնցի ֆուտբոլիստի ուժեղ կողմերը լավ իմացող Մխիթարյանը կարճ ժամանակ անց օգնեց «Բորուսիա»-ին հանդիպման հաշիվը դարձնել գերխոշոր:
Մխիթարյանի՝ Օբամեյանգին ուղղված գոլային փոխանցումը «Բունդեսլիգա»-ում հայ ֆուտբոլիստի 15-րդ արդյունավետ փոխանցումն էր: Չէր հասցրել Օբամեյանգը մի լավ ուրախանալ իր առաջին գոլից հետո, երբ Մարսել Շմեյցելի փոխանցումից հետո կրկին հնարավորություն ստացավ գոլ խփելու: Այս անգամ էլ գաբոնցին անկասելի էր՝ խփելով «Բունդեսլիգա»-ում իր 25-րդ գոլը:
Հանդիպման վերջում «Բորուսիա»-ն թուլացրեց ճնշումը: Առիթից օգտվելով՝ «Վոլֆսբուրգ»-ը մի փոքր ակտիվացավ՝ կարողանալով նաև գոլ հեղինակել. աչքի ընկավ Անդրե Շյուռլեն:
32-րդ տուրում անսպասելիորեն սայթաքեց չեմպիոնական կոչման հարցը գրեթե լուծած Մյունխենի «Բավարիա»-ն: Սեփական հարկի տակ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին հաղթելու դեպքում 2 տուր առաջ գերմանական ֆուտբոլի առաջատարը կնվաճեր 4-րդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը, սակայն երկրորդ խաղակեսում Խոսեպ Գվարդիոլայի թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ սեփական դարպասին գոլ ընդունելով:
«Բունդեսլիգա»-ի առաջնության ավարտից 2 տուր առաջ «Բավարիա»-ն շարունակում է մնալ գլխավոր հավակնորդը: Մյունխենյան ակումբի հաշվին կա 82 միավոր: «Բորուսիա»-ն հետ է մնում 5 միավորով: